Վարկավորումը Հայաստանում
 

Վարկարժանության գաղափարը

Ֆինանսական կառավարման համակարգում ավելի ու ավելի կարևոր է դառնում ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացը:

Վարկային ռիսկի գնահատումը, առաջին հերթին, ենթադրում է հաճախորդի վարկարժանության գնահատում: այդ նպատակին են ծառայում վարկային ռիսկի գնահատման երեք եղանակները.

ա) ֆինանսական գործակիցների համակարգի հիման վրա վարկառուի ֆինանսական վիճակի վերլուծությունը,

բ) վարկառուի դրամական հոսքերի վերլուծությունը,

գ) գործարարության ռիսկի վերլուծությունը:

Դրանք փոխադարձաբար լրացնում են միմյանց: Այսպես, եթե գործարարության ռիսկը թույլ է տալիս հաճախորդի վարկարժանությունը գնահատել գործարքի կնքման պահին՝ մեկ վարկային գործառնության և դրա հետ կապված դրամական հոսքի հիման վրա, ապա ֆինանսական գործակիցների համակարգը կանխտեսում է ռիսկը՝ հաշվի առնելով ամբողջական պարտքը և ձևավորված վարկային պատմությունը: Դրամական հոսքերի վերլուծությունը ոչ միայն գնահատում է հաճախորդի վարկարժանությունը, այլև ցույց է տալիս նոր վարկերի սահմանային չափերը, կազմակերպության կառավարման թույլ տեղերը:

Ռիսկերի մակարդակը, մասնավորապես՝ վարկային ռիսկի մակարդակը, կարելի է գնահատել

  • բարձր
  • չափավոր
  • ցածր:

Վարկային ռիսկի բարձր աստիճանը վկայում է, որ վարկային ներդրումներն ամբողջությամբ կարող են վերածվել կորստի:

Չափավոր վարկային ռիսկը դիտարկվում է, երբ բանկը կորցնում է վարկի հիմնական պարտքի միայն մի մասը, և ռիսկը դեռևս գտնվում է թույլատրելի սահմաններում:

Ցածր վարկային ռիսկը աննշան ռիսկն է, որը թույլ է տալիս բանկին ստանալ կայուն շահույթ:
Չնայած, որ բոլոր բանկերին բնորոշ են արտաքին և ներքին, հաշվեկշռային և հետհաշվեկշռային ռիսկերը, յուրաքանչյուր բանկի համար ծագում են նրան բնորոշող ռիսկեր՝ տարբեր աստիճաններով և ազդեցության ուղղություններով՝ պայմանավորված բանկի հիմնական գործունեության բնագավառով:

Հաճախորդի վարկարժանությունը ֆինանսական պարտավորությունները ժամանակին ամբողջությամբ մարելու ունակությունն է:

Հարկավոր է տարբերակել վարկառուի վարկարժանությունն ու վճարունակությունը:

Վճարունակությունը ցուցանիշ է, որի վրա հիմնվում են հաճախորդի վարկունակությունը գնահատելիս:

Միջազգային բանկային պրակտիկայում սովորաբար բացահայտվում է հաճախորդի վարկարժանության հետևյալ չափանիշները.

  • հաճախորդի բնութագիրը
  • միջոցներ փոխառելու ունակությունը
  • պարտքի մարման նպատակով միջոցներ աշխատելու ունակությունը
  • հաճախորդի կապիտալը
  • վարկի ապահովվածությունը
  • պայմանները, որոնցում իրականացվում է վարկային գործառնությունը
  • վերահսկողությունը:

Հաճախորդի բնութագիրը - Հաճախորդի վարկային պատմությունը և հեղինակությունը, ղեկավարների համբավը, պատասխանատվության մակարդակը, վարկի նպատակի լիովին պատկերացումը, կառավարիչների պրոֆեսիոնալիզմի մակարդակը, համապատասխանությունը բանկի կողմից իրականացվող վարկային քաղաքականությանը:

Պարտքի մարման նպատակով միջոցներ աշխատելու ունակությունը - Դա ենթադրում է վարկառուի գործունեության արդյունավետությունը, գործունեության ընթացքում դրամական միջոցներ աշխատելու ունակությունը, հաշվեկշռի բարձր իրացվելիությունը:

Հաճախորդի կապիտալը - Հաճախորդի կապիտալի համարժեքությունը և սեփական միջոցներով վարկային գործառնությանը հաճախորդի մասնակցության աստիճանը:

Վարկի ապահովվածությունը - Հաճախորդի ընդհանուր ակտիվների արժեքը և վարկի մարման կոնկրետ երկրորդային աղբյուրը /գրավ, երաշխիք, ապահովագրություն/: Եթե ակտիվների արժեքի և պարտավորությունների հարաբերությունը հաճախորդի սնանկացման դեպքում նշանակություն ունի վարկի մարման համար, ապա երկրորդային աղբյուրների որակը երաշխավորում է վարկի մարումը սահմանված ժամկետում: Նշված ապահովվածությունները առանձնապես կարևոր են բանկի հաճախորդի անբավարար դրամական միջոցների հոսքի դեպքում, որը նշանակում է, որ հաճախորդը կարող է ունենալ ընթացիկ իրացման հիմնախնդիրներ:

Պայմանները, որոնցում իրականացվում է վարկային գործառնությունը - Դրանք են երկրի ընթացիկ կամ կանխատեսված տնտեսական վիճակը, քաղաքական որոշ գործոններ և այլն:
Այդ պայմանները որոշում են բանկի արտաքին ռիսկի աստիճանը, և հետագայում հաշվի են առնվում հաճախորդի դրամական հոսքերը, հաշվեկշռի իրացվելիությունը, կապիտալի բավարարությունը, կառավարման մակարդակը:

Վերահսկողությունը - Հաճախորդի գործունեության վերահսկողությունը բանկի կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան:
Վերոհիշյալ չափանիշների համաձայն, հաճախորդի վարկարժանության վերլուծությունը թույլ է տալիս ձևավորել վերլուծության մեթոդները.

  • գործարար ռիսկի գնահատումը,
  • կառավարման գնահատումը,
  • ֆինանսական գործակիցների հիման վրա հաճախորդի ֆինանսական կայունության գնահատումը,
  • դրամական հոսքերի վերլուծությունը,
  • հաճախորդի վերաբերյալ տեղեկության հավաքումը,
  • հաճախորդի գործունեության վերահսկումը:

Ֆիզիկական անձի վարկունակության դասի որոշումը

Ֆիզիկական անձանց վարկարժանության գնահատականը սպառողական վարկ տրամադրելու դեպքում հիմնվում է պահանջվող վարկի գումարի և հաճախորդի անձնական եկամտի հարաբերության, ֆինանսական դրության և գույքի, ընտանիքի կազմի, անձի բնութագրերի և նրա վարկային պատմության վրա:

Եվրոպական երկրներում (մասնավորապես Ֆրանսիայում) ֆիզիկական անձանց վարկարժանության գնահատականը տրվում է վարկային սքորինգի միջոցով:

Վարկի տրամադրման նպատակահարմարության որոշման ծրագիրը ներառում է 3 բաժին.

  • վարկի մասին տեղեկություն,
  • հաճախորդի վերաբերյալ տեղեկություն,
  • հաճախորդի ֆինանսական դրության վերաբերյալ տեղեկություն:

Առաջին բաժինը ներառում է բանկի այն աշխատակցի մասին տվյալներ, ով տրամադրում է վարկը, նշվում է հաճախորդի վարկային գործի համարը, աշխատանքի վայրը, տրամադրվող վարկի տեսակը, մարման ձևը, տոկոսադրույքը, վարկի տրամադրման և մարման ամսաթիվը, ապահովագրման նահրաժեշտության վերաբերյալ կարծիք և այլն:

Երկրորդ բաժինը ներառում է հաճախորդի մասնագիտության մասին տեղեկություն, որոշակի սոցիալակն խմբի պատկանելիության, տարեկան աշխատավարձի, տարեկան ծախսերի, աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկություն:

Երրորդ բաժինը ներառում է հաճախորդի ֆինանսական վիճակի մասին տեղեկություններ. հաշիվներում եղած գումարային մնացորդներ, ծախսերի և եկամուտների հարաբերակցություն և այլն:

Այս տեղեկությունների հիման վրա հնարավոր է դառնում տալ եզրակացություն վարկի տրամադրման վերաբերյալ:

ԱՄՆ-ում ֆիզիկական անձանց վարկարժանության գնահատականի հիմքը հանդիսանում է նրա վարկային պատմությունը: Բանկն օգտագործում է հաճախորդի դիմումի մեջ արտացոլված տվյալները՝ անունը, հասցեն, բնակության վայրը, սոցիալական ապահովության համարը: Այդ տվյալների հիման վրա այլ բանկերից, վարկային քարտեր թողարկող և այլ կազմակերպություններից հավաքվում է տեղեկություն բոլոր չվճարման դեպքերի մասին, եթե այդպիսիք կան: Բանկին հետաքրքրում են չվճարված գումարների մեծությունը, ուշացման օրերի թիվը, ժամկետանց պարտավորությունների մարման ձևերը և այլն: Այդ ամենի հիման վրա ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը:

Վարկային պատմությունից բացի, ԱՄՆ բանկերը ֆիզիկական անձանց վարկունակության գնահատականը տալուց հաժվի են առնում նաև հետևյալ ցուցանիշները. պարտքի և եկամուտների հարաբերակցությունը, եկամտի կայունությունը և մեկ վայրում աշխատանքի տևողությունը, մեկ հասցեում բնակության տևողությունը, կապիտալի ծավալը և այլն:

 

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները