Վարկային Ուսուցման կենտրոն
 

Ինչ անել, եթե ձեր վարկային զեկույցում սխալ եք հայտնաբերել

Հնարավոր է, որ Ձեր վարկային զեկույցում լինի սխալ կամ ոչ ճշգրիտ տեղեկություն: Դա կարող է զգալիորեն նվազեցնել վարկ, պլաստիկ քարտ ստանալու կամ այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու ձեր հնարավորությունները: Ուստի անհապաղ ձեռնարկեք հետևյալ միջոցները: Եթե խաբեության կամ Ձեր անձնական տվյալների անօրինական օգտագործման փաստեր եք նկատել, անմիջապես տեղեկացրեք ԱՔՌԱ վարկային բյուրոյին և այդ տեղեկությունը տրամադրող աղբյուրին: Բացատրեք իրավիճակը և խնդրեք, որ Ձեր վարկային զեկույցում բացատրություն տեղադրվի մինչև իրավիճակի պարզաբանումը:

Նման պարագայում նպատակահարմար է պահել Ձեր ուղարկած յուրաքանչյուր նամակի պատճենը: Երբեք մի ուղարկեք փաստաթղթերի բնօրինակը, դրանք պահեք Ձեզ մոտ` ուղարկելով պատճենները:

1. Կապ հաստատեք վարկային բյուրոյի հետ:

Անմիջապես պետք է կապ հաստատել վարկային բյուրոյի հետ: Ձեզ պետք կլինի Ձեր վարկային զեկույցի պատճենը:

2. Կապ հաստատեք վարկատուի կամ այն հաստատության հետ, որը հանդիսացել է ոչ ճշգրիտ տեղեկության աղբյուր:

Հարկավոր է նաև պրոբլեմի մասին տեղյակ պահել այն վարկատուին, որը հաղորդել է բողոքարկվող ինֆորմացիան, հատկապես եթե կասկածում եք, որ դա դիտավորություն է: Խոշոր վարկատուների մեծ մասը բողոքարկումների լուծման հատուկ ընթացակարգ ունի: Դա նշանակում է, որ Ձեր իրավացիության դեպքում խնդիրն արագ կհարթվի: Այդ դեպքում վարկատուն պարտավոր է մի քանի օրերի ընթացքում սխալն ուղղել և ճշտված ինֆորմացիան ուղարկել ԱՔՌԱ վարկային բյուրոյի տվյալների բազա:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սխալ տեղեկությունը ճշտելու կամ ընդհանրապես հանելու համար, վարկային բյուրոն պետք է ուղղումը ստանա ինֆորմացիայի նախնական աղբյուրից:

Դուք կարող եք գրել նամակ, որում պետք է մանրամասնորեն նշվեն բողոքարկվող տվյալը և դրա բողոքարկման պատճառը: Նամակին կից պետք է ներկայացվեն նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները:

3. Համոզվեք, որ սխալն ուղղվել է:

Վարկատու հաստատության բողոքարկելուց որոշ ժամանակ հետո դարձյալ ստուգեք Ձեր վարկային զեկույցը և ուշադիր զննեք այն` համոզվելու, որ սխալներն իրոք ուղղվել են:


 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները