Վարկային Ուսուցման կենտրոն
 

Ինչպես դառնալ վարկի երաշխավոր

Մեզանից շատերը կփորձեն օգնել դժվար կացության մեջ գտնվող հարազատներին կամ մտերիմներին: Բայց հաճախ ուրիշին օգնելը ենթադրում է որոշ առումով վտանգել սեփական հեղինակությունը, հատկապես, երբ Ձեզ խնդրել են լինել վարկի երաշխավոր: Երաշխավորությունը հաճախ վատ կամ ոչ բավարար վարկային պատմություն ունեցողների համար ֆինանսական գործարք կատարելու միակ լուծումն է:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ երաշխավորությունը ենթադրում է որոշակի ռիսկեր, քանզի եթե վարկառուն չկարողանա վերադարձնել իր պարտքը, նրա մարման պարտականությունը փոխանցվում է երաշխավորին: Ավելին, որոշ դեպքերում, երբ անմիջական վարկառուն չի կատարում վճարումը, մինչ նրանից գումարը պահանջելը, վարկատուն իրավունք ունի երաշխավորողից գանձել հասանելիք գումարը:

Մինչ երաշխավորության համաձայնություն տալը, հաշվարկեք` արդյոք կարող եք վարկի ամսավճարը ներառել Ձեր ամսական բյուջեում: Եթե անմիջական վարկառուն չվճարի, ապա վարկատուն Ձեզնից է պահանջելու իր գումարը, իսկ եթե Դուք չկարողանաք կատարել վճարումը, կիջնի Ձեր վարկային ռիսկի գործակիցը: Ավելին, երաշխավորը պատասխանատու է նաև տոկոսների և տուգանքների համար:

Հիշեք` եթե նույնիսկ առաջնային վարկառուն ժամանակին կատարում է ֆինանսական պարտավորությունները, այն, որ Ձեր անվան տակ դեռևս ակտիվ վարկ է գրանցված, կարող է խանգարել նոր վարկ ստանալ կամ կատարել ապառիկ պայմաններով գործարք: Առանց հանգամանքները լիարժեք դիտարկելու, երբեք մի առաջարկեք Ձեր անշարժ գույքը ուրիշի վարկի համար գրավ դնել, քանի որ բավական մեծ է այն կորցնելու հավանականությունը:

Եթե ամեն դեպքում որոշել եք երաշխավոր լինել, առավելագույն զգույշ եղեք և խնդրեք վարկատուին հաշվել Ձեր հավանական ֆինանսական պարտավորության չափը: Դա վարկատուի ծառայությունների մեջ չի մտնում, բայց շատերը կընդառաջեն Ձեր խնդրանքին:

Հնարավոր է նաև բանակցել Ձեր պարտավորության չափի ու պայմանների մասին: Օրինակ` կարելի է Ձեր պարտավորությունը սահմանել միայն մայր գումարի վճարման համար: Վարկատուի համաձայնության դեպքում անպայման երկկողմ համաձայնագիր կցեք Ձեր գործին, որում ասվում է. “Անմիջական վարկառուի կողմից վճարումների ուշացման կամ չկատարման դեպքում երաշխավորը պատասխանատու է միայն մայր գումարի մարման համար”:

Երաշխավորի պաշտպանության մեկ այլ միջոց կարող է հանդիսանալ նաև վարկատուի հետ համաձայնությունը, որ նա ամեն անգամ, երբ վարկառուն ուշացնի կամ չկատարի ֆինանսական պարտավորությունները, գրավոր տեղեկացնի: Դա կօգնի երաշխավորին նախապես տեղեկանալ և վերահսկել հնարավոր խնդիրները:

Այս քայլերը ձեռնարկելուց հետո Դուք կարող եք օգնության ձեռք մեկնել ֆինանսական դժվար կացության մեջ գտնվողին` նվազեցնելով այդ քայլի ֆինանսական հետևանքի ռիսկը:



 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները