Վարկավորումը Հայաստանում
 

Վարկավորման փուլերը

Եթե հաճախորդը որոշել է դիմել վարկի համար, ապա նա վարկային տեսուչի հետ հարցազրույց է ունենում, որը հաճախորդին հնարավորություն է տալիս բացատրել, թե ինչու ունի վարկի կարիք: Եթե հաճախորդը բավարար անկեղծ չի մատնանշում նպատակ, և կասկածներ են ծագում պայմանագրի պայմաններին հետևելու առումով, ապա այդ հանգամանքը, որպես բացասական գործոն, հաշվի է առնվում վարկային հայտի քննարկման ժամանակ:

Երբ հաճախորդը դիմում է ձեռնարկության համար փոխատվություն կամ գրավի դիմաց վարկ ստանալու համար, բանկի վարկային տեսուչը հաճախորդի գտնվելու վայրի, գույքի վիճակի և լրացուցիչ այլ տեղեկությունների ստուգում է իրականացնում:

Հաճախորդի վարկային պատմությունը սովորաբար բավարար տեղեկատվություն է պարունակում հաճախորդի բնավորության, նրա մղումների անկեղծության և բանկային վարկի օգտագործման ժամանակ պատասխանատվության մասին:

Միջազգային պրակտիկայում բանկերը հարցում են կատարում հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ վարկային բյուրոյից, որտեղ բոլոր բանկերը մուտքագրում են տեղեկություններ իրենց յուրաքանչյուր հաճախորդի մասին: Եթե վարկային տեսուչին անհրաժեշտ է տեղեկատվություն հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ, ապա նա կարող է այն ստանալ վարկային բյուրոյից: Մեր երկրում հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ գործում են «ԱՔՌԱ» վարկային բյուրոն և կենտրոնական ռեգիստրը, ինչը զգալի հեշտացնում է հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկության հայթայթումը:

Այսպիսով, վարկավորման գործընթացը կարելի է բաժանել հետևյալ փուլերի:

Վարկի համար իրականացվող բանակցությունների փուլ - Վարկի առաջարկությամբ կարող է հանդես գալ թե բանկը, թե փոխառուն: Շուկայական տնտեսության պայմաններում շատ ավելի նպատակահարմար է, երբ բանկն է փնտրում և գտնում այնպիսի հաճախորդ, որին կարելի է վարկավորել նվազագույն ռիսկով և ստանալ առավելագույն շահույթ:
Սակայն այսօրվա իրավիճակում հաճախորդն է փնտրում այն բանկը, որտեղ կարելի է վարկ ստանալ:

Կոնկրետ առաջարկի քննարկման փուլ - Այ փուլն ընդգրկում է հաճախորդի վարկարժանության, վարկավորման օբյեկտի և ապահովվածության գնահատումը: այդ գործընթացն իրականացնում է հատուկ առանձնացված՝ վերլուծությունների ստորաբաժանումը կամ բանկի վարկային բաժինը:

Վարկային փաստաթղթավորման փուլ - Բանկի աշխատակիցները կազմում են վարկային պայմանագրեր, տալիս են վարկի տրամադրման մասին համապատասխան կարգադրություններ և տվյալ վարկառու հաճախորդի վերաբերյալ կազմվում է համապատասխան վարկային գործ (ֆայլ):

Պարտադիր իրավաբանական փաստաթղթեր
Կախված ձեռնարկության կամ ձեռներեցի իրավական կարգավիճակից, գործունեության բնույթից պահանջվում են տարբեր փաստաթղթեր: Ներքոհիշյալ ցանկը վերաբերում է գրեթե բոլոր ձեռնարկություններին: այն փաստաթղթերը, որոնք Ձեզ չեն վերաբերում, բնականաբար պետք չէ ներկայացնել:

  • պետական ռեգիստրի վկայական,
  • կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր,
  • արտոնագրեր, եթե գործունեության տեսակը պահանջում է,
  • ֆինանսական հաշվետվություններ անցած հաշվետու ժամանակահատվածների համար (հետագայում համալրվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակի համար),
  • տեղեկանքներ կամ հաշվետվություններ պետ. բյուջեին և սոցիալական ապահովագրության հիմնադրամին պարտքերի վերաբերյալ,
  • տեղեկանք սպասարկող բանկային հաշիվների վերաբերյալ,
  • աուդիտի եզրակացություն բաց բաժնետիրական ընկերությունների համար (մնացած ձեռնարկությունների համար, եթե ծրագիրը պահանջում է),
  • պայմանագրեր մատակարարների և հաճախորդների հետ (եթե կան այդպիսիք),
  • բաժնետիրական ընկերությունների համար՝ բաժնետերերի ցանկը հապամատասխան բաժնեմասերով, համապատասխան հաստատումով,
  • դեբիտորների և կրեդիտորների ցուցակն ըստ պարտքերի,
  • այլ փաստաթղթեր՝ կախված ձեռնարկության բնույթից:

Գրավային փաստաթղթեր
Գրեթե բոլոր պարագաներում վարկ ստանալու համար Դուք պետք է վարկատուին որևէ գրավ կամ վարկի վերադարձման երաշխիք առաջարկեք: Որպես գրավ կարող են հանդիսանալ Ձեր կամ Ձեր ձեռնարկության հիմնական միջոցները՝ հողը, անշարժ գույքը, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, ընթացիկ ակտիվները (հումք, պատրաստի արտադրանք և այլն), անձնական գույքն ու թանկարժեք իրերը և այլն: Ըստ Ձեր առաջարկած գրավի տեսակի՝ պահանջվում են համապատասխան փաստաթղթեր՝

Բնակարանի գրավադրման դեպքում պահանջվում են.

  • սեփականության (նոր նմուշի) վկայագիր և հիմքեր,
  • տեղեկանք սեփականտիրոջ ընտանիքի կազմի, գրանցված և բնակվող անձանց մասին (ԲՇՏ-ից կամ համապատասխան գրասենյակից),
  • տեղեկանք կադաստրից առ այն, որ գույքը գրավի, արգելանքի կամ կալանքի տակ չէ,
  • սեփականատիրոջ ամուսնու/կնոջ և ընտանիքի չափահաս անդամների համաձայնագիրը՝ հաստատված նոտարական կարգով (այդ համաձայնագրում պետք է նշում լինի վարկը ժամանակին չմարելու դեպքում բնակտարածության սեփականության կամ օգտագործման իրավունքից հրաժարվելու մասին),
  • անչափահասների առկայության դեպքում խնամակալության մարմինների թույլտվությունը և ծնողների նոտարական կարգով վավերացված պարտավորությունը՝ վարկը չմարելու դեպքում անչափահասներին բնակտարածությամբ ապահովելու մասին,
  • ընտանիքի չափահաս անդամի ամուսնացած չլինելու դեպքում նոտարական կարգով վավերացված հայտարարություն, իսկ ամուսնացած լինելու դեպքում ամուսնության գրանցման վկայականի պատճենը,
  • գրավի պայմանագիր,
  • գրավի վկայական,
  • այլ փաստաթղթեր և տեղեկանքներ:

Ձեռնարկությանը պատկանող անշարժ գույքի գրավադրման դեպքում պահանջվում են.

  • սեփականության վկայագիր և հիմքեր,
  • սեփականաշնորհման պայմանագիր, վճարման մասին տեղեկանք, անդորրագրեր,
  • սեփականատերերի կամ հիմնադիր անդամների համաձայնագրերը՝ հաստատված նոտարական կարգով,
  • տեղեկանք կադաստրից առ այն, որ գրավադրվող գույքը գրավի, արգելանքի կամ կալանքի տակ չէ,
  • գրավի պայմանագիր,
  • գրավի վկայական,
  • այլ փաստաթղթեր և տեղեկանքներ՝ կախված գույքից:

Տրանսպորտային միջոցի գրավադրման դեպքում պահանջվում են.

  • տրանսպորտային միջոցի գնահատման ակտ,
  • տեխնիկական անձնագիրը՝ տրված պետավտոտեսչության կողմից,
  • գրավատուի կնոջ/ամուսնու համաձայնագիրը ավտոմեքենան գրավ դնելու մասին՝ հաստատված նոտարական կարգով,
  • տեղեկանք պետավտոտեսչությունից առ այն, որ տվյալ տրանսպորտային միջոցը գրավի, արգելանքի կամ կալանքի տակ չէ,
  • գրավի պայմանագիր:

  • Վարկառուն պետք է ներկայացնի այս փաստաթղթերի բնօրինակները և մեկական օրինակ պատճեններ:

Սարքավորումների և այլ շարժական գույքի գրավադրման դեպքում պահանջվում է.

  • շարժական գույքի գնահատման ակտ,
  • շարժական գույքի տեխնիկական անձնագիր, ձեռք բերման օրինականությունը հաստատող հիմքեր,
  • շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ, բացակայության դեպքում պահանջել հայտարարություն գույքի պատկանելության վերաբերյալ,
  • հայտարարություն գույքը արգելանքի, կալանքի տակ չլինելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ լինելու մասին,
  • այլ փաստաթղթեր՝ կախված գրավի բնույթից:

Ապրանքանյութական միջոցների գրավադրման դեպքում պահանջվում են.

  • ապրանքանյութական միջոցների ձեռքբերման հիմքեր՝ հաշիվ ապրանքագիր, դրամարկղի ելքի օրդեր, դրամարկղի մուտքի օրդերի կտրոն,
  • ապրանքանյութական միջոցների գնահատման ակտ,
  • գրավի պայմանագիր,
  • այլ փաստաթղթեր՝ կախված ապրանքանյութական միջոցների բնույթից,
  • վարկի սպասարկման ընթացքում գրավի փոփոխման համապատասխան գրառումներ,
  • Մի շարք վարկատուներ, այդ թվում «Անելիք Բանկ» ՍՊԸ-ն, գնահատումը կատարում են սեփական մասնագետների միջոցով և լրացուցիչ գումարներ չեն պահանջում:

Վարկի գումարի օգտագործման փուլ - Դա ենթադրում է վարկային գործառնությունների վերահսկողության իրականացում, վարկի օգտագործման սահմանաչափի պահպանման, վարկի նպատակային օգտագործման, տոկոսագումարների վճարման, վարկի մայր գումարի ժամանակին մարելու վերահսկողություն:

 

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները