|
|
|
|
Միջազգային վարկային ծրագրեր
Ներկայում ՀՀ-ում գործում են մի քանի հիմնական միջազգային ծրագրեր, որոնք ֆինանսավորում են որոշակի թիրախային խմբերի: Այդ ծրագրերն ուղղված են փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) համար ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու նպատակին:
Հիմնական վարկային ծրագրերն են՝
ԳՀՀ, (Գերմանահայկական հիմնադրամը), որը ստեղծվել է Գերմանիայի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական գործակցության շրջանակներում, և Եվրոպական Զարգացման և Վերակառուցման Բանկի վարկային ծրագիրը (EBRD):
Գերմանահայկական Հիմնադրամի (ԳՀՀ) և Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի (EBRD) վարկավորման ծրագրերի շրջանակներում տրամադրվում են վարկեր, որոնց մեջ մտնում են էքսպրես, միկրո և փոքր վարկեր՝ նախատեսված առևտրի, սպասարկման և արտադրության ոլորտներում գործող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված ֆիզիկական անձանց համար:
Ցածր տոկոսադրույքները վերաբերում են արտադրությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող դիմորդներին, միջին տոկոսադրույքները՝ սպասարկման ոլորտում ընդգրկված, իսկ բարձր տոկոսադրույքները՝ առևտրով զբաղվողներին:
Ընդ որում, վարկառուները պետք է
- դիմելու պահին ունենան գործող բիզնես,
- առևտրի դեպքում ունենան 3 ամսից ոչ պակաս ժամանակահատվածի գործունեություն, արտադրության և սպասարկման դեպքում՝ 4 ամսից ոչ պակաս,
- ձեռնարկությունը պետք է պատկանի և շահագործվի ՀՀ ռեզիդենտների կողմից (եթե ձեռնարկությունը մասամբ պատկանում է ոչ ռեզիդենտներին, նրանց բաժինը չպետք է գերազանցի 49%-ը, կամ ոչ ռեզիդենտը պետք է ունենա առնվազն 10 տարվա կացության կարգավիճակ),
- ձեռնարկությունում պետական սեփականության ընդհանուր մասը չպետք է գերազանցի 49%-ը և պետությունը չպետք է ուղղակիորեն ընդգրկված լինի ձեռնարկության առօրյա գործունեության ղեկավարման մեջ,
- նորաստեղծ ձեռնարկությունը պետք է ունենա վարկավորվող նախագծի արժեքի առնվազն 30% դրամական միջոցներ:
Մարքեթինգի աջակցության Օրագիր (USDA) վարկավորման ծրագրերի շրջանակներում Բանկը տրամադրում է վարկեր ԱՄՆ դոլարով:
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ովքեր զբաղվում են տեղական հումքային բազայի վրա հիմնված գյուղմթերքի վերամշակմամբ կամ այնպիսի արտադրությամբ, ծառայության մատուցմամբ, որը խթանում է տեղական գյուղմթերքի արտադրությունն ու սպառումը:
Բանկը տրամադրում է բիզնես վարկեր նաև սեփական ռեսուրսներից:
Որպես կանոն, չեն վարկավորվում
ծխախոտի, ոգելից խմիչքի, զենքի, զինամթերքի, խաղատների, շքեղության առարկաների, կաշվի կամ մորթու, ինչպես նաև՝ շրջակա միջավայրն աղտոտող արտադրությունը:
Բանկերը և փոխառություն տրամադրող կազմակերպությունները դրական են գնահատում, երբ վարկի համար դիմորդը ներկայացնում է գումարի օգտագործման, ինչպես նաև՝ գործունեության հստակ պլան: Մի շարք կազմակերպություններ էլ վարկավորման համար ուղղակի պահանջում են ներկայացնել բիզնես պլան:
Այն ձեռներեց և գործարար մարդիկ, ովքեր պատրաստվում են ընդլայնել իրենց բիզնեսը, ամենալավատեղյակն են իրենց իսկ հնարավորություններին, առավելություններին և թերություններին: Հետևաբար, ամենալավ և ճշգրիտ բիզնես պլանը կարող է կազմել հե՛նց ինքը՝ բիզնեսի տերը: Սակայն, բիզնես պլան կազմելու համար առաջին հերթին պետք է իմանալ, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպիսի՞ պահանջների պետք է այն բավարարի, ինչպիսի՞ հարցերի պետք է պատասխանի, ի՞նչ խնդիրներ լուծի և, իհարկե, ինչպե՞ս պետք է այն ձևակերպված և ձևավորված լինի:
Բիզնես պլանը անհրաժեշտ է հետևյալ նպատակների համար.
- գումարների հայթայթում,
- խնդիրների պլանավորված լուծման համար ուղեցույցի ստեղծում,
- գումարների և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում,
- գործունեության փաստացի վիճակի պարբերական գնահատում, վերլուծություն, վերապլանավորում,
- եկամուտների և ծախսերի դյուրին հսկում,
- նոր աշխատակազմին ընդհանուր գործունեության, նրանց պարտականությունների և դերերի հետ ծանոթացում:
Եվրասիա Հիմնադրամի տրամադրած վարկային ծրագիր:
Ինչպես շատ անցումային տնտեսություններում, Հայաստանում ևս, ՓՄՁ-ն ֆորմալ ֆինանսական հատվածից վարկավորվելու հնարավորություններ գրեթե չի ունեցել, ինչը սահմանափակել է զարգացումը և ՓՄՁ ոլորտ ներդրումների հոսքը՝ արգելակելով երկրի տնտեսական աճը և նոր աշխատատեղերի ստեղծումը: Վարկավորման արդյունավետ տեխնոլոգիաների և անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը դեռևս լրջորեն խոչընդոտում են ՀՀ առևտրային բանկերի մուտքը շուկա: Ծրագրի նպատակն է՝ պատշաճ գնահատել ՓՄՁ-ների վարկավորման ռիսկերը և դրանք ընդունելի դարձնել ՀՀ առևտրային բանկերի համար:
Միաժամանակ, ապահովել վարկավորման տեխնոլոգիաների և ՓՄՁ-ների վարկային պորտֆելի ձևավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը բանկերին՝ հաշվի առնելով վարկերի մարման և արժութային ռիսկերի կարգավորման դրույթները:
Վերոնշյալ վարկային ծրագրերը նպատակ ունեն քաջալերել ձեռնարկատերերի միջին դասը, ինչպես նաև՝ ստեղծել նոր աշխատատեղեր, նվազեցնել չքավորությունը և գործազրկությունը:
Ցանկանում եք ծանոթանալ վարկային ծրագրերի պայմաններին, մի հապաղեք այցելել այս էջերը.
ԳՀՀ
Եվրոպական վերակառուցման և
զարգացման բանկ
Եվրասիա հիմնադրամ
Մարքեթինգի աջակցության Օրագիր (USDA) վարկավորման ծրագրեր
|
|