Վարկային Ուսուցման կենտրոն
 

Ձեր վարկային ռիսկի գործակիցը բարձրացնելու 6 դյուրին միջոցներ

Վատ կամ ոչ բավարար վարկային պատմությունը կարող է բացասաբար անդրադառնա Ձեր գործունեության վրա: Բարեբախտաբար, դա կարելի է կանխել կամ էլ ուղղել: Երբեք ուշ չէ բարձրացնել վարկարժանությունը , պետք է միայն սկսել` հիշելով, որ այդ գործընթացը մեկ օրում չի իրականանում:

Ստորև առաջարկված 6 քայլերը կարող են օգնել բարելավել Ձեր վարկային պատմությունը:

1. Ժամանակին կատարեք Ձեր ֆինանսական պարտավորությունները:

Ֆինանսական պարտավորությունների կատարումը էական նշանակություն ունի դրական վարկային պատմության ձևավորման համար: Զգույշ եղեք հատկապես վարկ վերցնելուց մի քանի ամիս առաջ, քանզի անփութությունը կարող է զգալիորեն իջեցնել Ձեր վարկային ռիսկի գործակիցը:

2. Պահանջեք Ձեր զեկույցը:

Մշտապես տեղեկացված եղեք, թե ԱՔՌԱ վարկային բյուրոյում ինչ ինֆորմացիա է պահվում Ձեր մասին: Եթե վարկային զեկույցի պատճառով Ձեզ մերժել են վարկ կամ ապահովագրական պոլիս տրամադրել, անպայման վարկային բյուրոյից պահանջեք Ձեր վարկային զեկույցը: Այն կառույցը, որին դուք դիմել եք վարկ կամ ապահովագրական պոլիս ստանալու համար, պարտավոր է Ձեզ տրամադրել վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը:

3. Ուշադիր կարդացեք Ձեր վարկային զեկույցը:

Վարկային բյուրոն Ձեր վարկային զեկույցը կազմում է տարբեր աղբյուրներից գոյացող տվյալների հիման վրա և պարտավորված չէ ստուգել իրեն տրամադրվող ինֆորմացիան: Ձեր պարտականությունն է ստուգել սեփական վարկային զեկույցի ճշտությունը: Ուշադիր ստուգեք` արդյոք չկան տպագրական սխալներ, հին և թերի ինֆորմացիա: Սխալ կամ անճշտություն նկատելուց հետո գրավոր հստակ ձևակերպեք, թե ինչն եք բողոքարկում և ինչու:
Եթե Ձեր վարկային զեկույցում զետեղված բացասական ինֆորմացիան իրոք ճիշտ է, և Դուք իրոք ունեք ուշացրած կամ չկատարած վճարումներ, մի հուսահատվեք: Վերանայեք ֆինանսական պարտավորությունների կատարման Ձեր վարքագիծը և ժամանակի ընթացքում դուք կարող եք շտկել այդ թերությունները:

4. Բողոքարկեք սխալ ինֆորմացիան` ներկայացնելով ապացույցներ:

Ձեր վարկային զեկույցում զետեղված սխալի համար կարող եք լրացնել զեկույցին կից դիմումի ձևը կամ նամակ գրել: Մանրամասն նկարագրեք սխալը: Ցանկալի է նաև, որ նամակին կից ներկայացվի վարկային զեկույցի պատճենը` սխալն օղակի մեջ առնված: Նպատակահարմար է նաև կցել Ձեր տեսակետը ապացուցող բոլոր փաստաթղթերը: Միշտ պահեք վարկային բյուրո և սխալ տեղեկության աղբյուրին ուղղարկած նամակների և փաստաթղթերի պատճենները` գրառելով դրանց ուղարկման ամսաթիվը: Վարկային բյուրոն և տվյալ ինֆորմացիայի աղբյուրը 30 օրում կպարզաբանեն բողոքարկվող տեղեկությունը, և անճշտության դեպքում, այն Ձեր զեկույցից կհանվի:

5. Ամբողջությամբ վճարեք բոլոր պարտքերը:

Անհրաժեշտ է մշակել ֆինանսական պարտավորությունները ժամանակին կատարելու պլան, որը Ձեզ կօգնի նվազեցնել պարտքերը և ժամանակի ընթացքում վերջնականապես ազատվել դրանցից:
Սակայն եթե ֆինանսական դժվար կացության մեջ եք և չեք կարողանում ժամանակին կատարել վճարումները, ցուցաբերեք ճկունություն: Նման դեպքում կարող եք զանգահարել Ձեր վարկատուին, բացատրել իրավիճակը և մշակել պարտքի վճարման նոր ձևեր, որոնք Ձեզ թույլ կտան խուսափել ուշացումներից կամ ընդհանրապես չվճարելուց: Դուք կարող եք նրանց խնդրել իջեցնել ամսավճարը կամ հետաձգել պարտքի վճարման ժամկետը: Պետք է սակայն նկատի ունենալ, որ դա խնդրի կարճաժամկետ լուծում է, որն ունի իր բացասական կողմերը (օր.` սովորականից ավելի բարձր տոկոսադրույք): Դրանից կարելի է օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ կանգնած եք Ձեր վարկային զեկույցը և վարկային ռիսկի գործակիցը խաթարելու խնդրի առջև:

Ընդհանրապես, որքան շատ վարկային քարտ ունի մարդ, այնքան ավելի շատ է հակված ծախսել: Այդ իսկ պատճառով, խելամիտ կլինի փակել այն քարտերը, որոնք Դուք այդքան հաճախ չեք գործածում: Հարկ է նշել, որ քարտը չօգտագործելը դեռ չի նշանակում հաշիվը փակել:

6. Ձեր վարկային զեկույցը դարձրեք արժանահավատ:

Ֆինանսական պարտավորությունների նկատմամբ պարտաճանաչ մարդիկ ցանկանում են, որ այդ տեղեկությունը կուտակվի վարկային բյուրոյի տվյալների բազայում` հետագայում արտոնյալ պայմաններով ֆինանսական գործարքներ կատարելու ակնկալիքով: Սակայն ոչ բոլոր ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցներն են իրենց հաճախորդների ֆինանսական վարքագիծը բնութագրող տեղեկությունը փոխանցում վարկային բյուրոյի բազա: Ուրեմն, որևէ տեղ պլաստիկ քարտի, վարկի կամ ապահովագրական պոլիսի համար դիմելուց առաջ, ճշտեք` արդյոք ժամանակին կատարած Ձեր վճարումները հաղորդվելու են վարկային բյուրոյի բազա: Այդ ժամանակ Ձեր վարկային պատմությունը կդառնա Ձեր առավելությունը` ֆինանսական դաշտում առաջարկվող ծառայություններից օգտվելու ճանապարհին:

Եթե մինչ այժմ ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ Դուք եղել եք փոքր-ինչ անփույթ կամ սնանկության գործ եք հարուցել, մի վհատվեք: Ֆինանսական պարտավորությունները կատարելիս եղեք պարտաճանաչ, և ժամանակի ընթացքում Ձեր վարկային զեկույցը կբարելավվի:

Երբեք ուշ չէ կառուցել կայուն վարկային պատմություն:


 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները