|
Վարկային սքորինգը վարկային ռիսկի վիճակագրական և գործառնական մոդելավորման տարբերակ է, որը ենթադրում է վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականի ներկայացում:
Վարկային սքորինգը գերազանցապես հենված է վիճակագրական մեթոդների հիման վրա և հնարավորինս բացառում է փորձագիտական գնահատականների կիրառումը` վարկարժանության թվային գնահատական ստանալու գործընթացում:
Վարկային սքորինգի էությունը - վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով վարկային տեղեկատվության` ժամանակի ընթացքում հավաքած տվյալները, ձևավորված պատմությունը և ներկա վիճակը, ստոխաստիկ գնահատական տալ ներկա կամ պոտենցիալ վարկառուի վարկային ռիսկին:
Վարկային բյուրոյի սքորինգը մատնանշում է տվյալ անձի կողմից վարկի վերադարձելիության ռիսկը առաջիկա որոշակի ժամանակահատվածում և հիմք է հանդիսանում ինչպես վարկավորման առաջնային որոշում կայացնելու, այնպես էլ ռիսկի վրա հիմնված գնագոյացում (Risk Based Pricing) կատարելու և վարկի պայմանները սահմանելու համար:
ԱՔՌԱ վարկային բյուրոյի կաղմից որպես հիմնական ծառայություն օգտագործվում են նկարագրողական և կանխատեսող սքորերը ( տիպային օրինակ):
- ԱՔՌԱ նկարագրող սքոր - բնութագրում է վարկառուի վարկային պատմության ներկա վիճակը` հաշվի առնելով այս պահին ունեցած վարկային բեռը, այս պահին կամ երբևէ ունեցած ժամկետանց պարտավորությունները, վարկային պատմության երկարությունը և այլն:
ԱՔՌԱ նկարագրող սքորի հաշվարկման դեպքում բնութագրիչների ազդեցության չափերը բաշխված են հետևյալ կերպ`
- Վճարումների (մարումների) պատմություն - 83%
- Վարկային բեռի մեծություն - 8%
- Վարկային պատմության երկարություն - 5%
- Օգտագործված փոխառությունների տեսակներ - 3%
- Նոր վարկի փնտրում - 1%

ԱՔՌԱ նկարագրող սքորը տալիս է ժամանակի տվյալ պահին անձի վարկային պատմության թվային գնահատականը:
ԱՔՌԱ նկարագրող սքորի գնահատականները տատանվում են 400 - 850 միջակայքում:
ԱՔՌԱ սքոր զեկույցում, բացի վարկառուի սքոր գնահատականից, երևում է նաև համակարգում առկա մաքսիմալ, մինիմալ և միջին սքոր գնահատականները և վարկառուի դիրքը այս ցուցանիշների մեջ:
Վարկային պատմության բացակայության դեպքւմ անձի նկարագրող սքոր գնահատականը հավասար է սքոր գնահատականի հնարավոր մինիմալ արժեքին (400):
- ԱՔՌԱ կանխատեսող սքոր - բնութագրում է վարկառուի կանխատեսող վարկարժանությունն առաջիկա ժամանակահատվածի համար` հաշվի առնելով նրա վարկային պատմության մոդելը, վարքագիծը և նմանատիպ վարկառուների նկարագիրը:
ԱՔՌԱ կանխատեսող սքորի հաշվարկման դեպքում բնութագրիչների ազդեցության չափերը բաշխված են հետևյալ կերպ`
- Վճարումների (մարումների) պատմություն - 43%
- Վարկային բեռի մեծություն - 15%
- Վարկային պատմության երկարություն - 25%
- Օգտագործված փոխառությունների տեսակներ - 16%
- Նոր վարկի փնտրում - 1%

ԱՔՌԱ կանխատեսող սքորը, հենվելով ժամանակի ընթացքում տվյալ անձի վարկային պատմության մոդելի վրա, տալիս է նրան` ապագա ժամանակահատվածի վարկարժանության թվային գնահատականը: Ի տարբերություն նկարագրող սքորի, որը բնութագում է վարկառուի վարկային պատմությունը ժամանակի կոնկրետ պահին, ԱՔՌԱ կանխատեսող սքորը, վերլուծելով առկա վարկային պատմությունը, նմանատիպ վարկառուների վարքագիծը, գնահատում է վարկառուի ապագա վարքագիծը:
ԱՔՌԱ կանխատեսող սքորի գնահատականները ևս տատանվում են 400 - 850 միջակայքում:
Վարկային պատմության բացակայության դեպքում կանխատեսող սքոր գնահատականը մոտ կլինի միջին սքորին:
|